Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նշենք, որ սեպտեմբերի 7-ը Բրազիլիայում նշում են երկրի անկախության օրը: Անկախության ձգտումը Բրազիլայում հայտնվել է դեռեւս 18-րդ դարի սկզբին՝ գաղութային դարաշրջանում: Այդ ժամանակ Պորտուգալիան գերիշխող կողմ էր, իսկ Անգլիան Պորտուգալիայի գաղութներում արտադրվող ապրանքների հիմնական սպառողն էր:

Արդեն 1815 թվականին Բրազիլիայի գաղութային կարգավիճակը չեղյալ է հայտարարվել եւ այն Պորտուգալիայի հետ հավասար իրավունքներով ներառվել է Միացյալ Թագավորության կազմի մեջ: 1821 թվականին Պորտուգալիայի թագավոր Դոն Ժոաո VI-ը վերադարձել է Լիսաբոն, թողնելով Ռիո դե-Ժանեյրոն իր ժառանգորդին: Վերջինս էլ 1822 թվականի սեպտեմբերի 7-ին հռչակել է Բրազիլիայի անկախությունը որպես կայսրություն, իսկ ինքը թագադրվել է որպես թագավոր Պեդրո I:

Բրազիլիայում սեպտեմբերի 7-ը ոչ աշխատանքային օր է: Սովորաբար երկրի մայրաքաղաքում տեղի է ունենում տոնական շքերթ, որին մասնակցում է երկրի կառավարությունը՝ նախագահի գլխավորությամբ: