Վրաստանի Ջավախքի շրջանի հայ բնակչության համար առավել շահավետ է, որպեսզի իշխանության լինեն ռուսամետ ուժեր, քանի որ դրա շնորհիվ կբարելավվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով այդ երկրում հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Նրա խոսքով՝ ջավախահայերը հասկանում են, որ իշխող ռուսամետ ուժերի օգնությամբ նրանք այլեւս այնպիսի խնդիրներ չեն ունենա, ինչպիսիք ունեին նախկինում: «Թբիլիսիի եւ Աջարիայի հայերը մի փոքր այլ տեսակետ ունեն. նրանք ավելի ինտեգրված են ներքաղաքական գործընթացներում: Նրանք ակնկալում են, որ երկրի տնտեսական վիճակը կարող է դեպի լավը փոխվել: Նրանք հիմնականում չեն կենտրոնանալու ռուսամետ կամ ամերիկամետ ուժերի խնդրի վրա»,-ընդգծել է Ջոնի Մելիքյանը:

Ընդգծենք, որ նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի եւ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեի միջեւ: