Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) Հայաստանի իշխանություններին հորդորել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հրապարակային քննություն իրականացնել:

Կոմիտեն ուրբաթ օրը հրապարակել է 2008 թվականի մարտին Հայաստան կատարած իր հատուկ այցի վերաբերյալ զեկույցը: «Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների առնչվող ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը», — ասված է հաղորդագրությունում: — «Պատվիրակությունը առանձին հարցազրույցներ անցկացրեց հետընտրական իրադարձություններին առնչվող մեղադրանքներով կալանքի տակ պահվող անձանց հիմնական մասի հետ։ Գործնականում բոլոր անձինք, ովքեր կալանավորվել էին 2008 թվականի մարտի 1-ին, հայտարարել են, որ իրենց նկատմամբ ֆիզիկական վատ վերաբերմունք է ցուցաբերվել իրենց ձերբակալության պահին, նույնիսկ եթե իրենք ակնհայտ դիմադրություն չէին ցուցաբերում։ Պատվիրակությունը նաեւ մի քանի հայտարարություններ էր ստացել` կապված ոստիկանական հարցաքննման ժամանակ վատ վերաբերմունքի ցուցաբերման հետ»:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կոմիտեի ներկայացուցիչները հարցազրույցներ են անցկացրել ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ յոթ տասնյակ կողմնակիցների հետ, որոնք տվյալ ժամանակաշրջանում գտնվել են անազատության մեջ: Հարցաքննությունների ժամանակ վատ վերաբերմունքից դժգոհողները հայտնել են, որ իրենց ապտակել են, հարվածել բռունցքներով, մահակներով` ցուցմունքներ կամ այլ անձանց մասին տեղեկատվություն կորզելու նպատակով: Ըստ զեկույցի, ազատազրկվածներից ոմանց վրա առկա էին նրանց պնդումներին համապատասխանող ֆիզիկական հետքեր:

Հայաստանի կառավարությունը իր պատասխանում, որը նույն օրը հրապարակել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, հերքել է խոշտանգումների վերաբերյալ պնդումները` վստահեցնելով, թե ոստիկանությունը նման բողոքներ չի ստացել 2008 թվականի ութ ամիսներին":

ԽԿԿ-ն, այդուհանդերձ, պնդում է, որ Հայաստանի իշխանությունները դեռ ունեն անելիք անցյալում իրենց ստանձնած` ոստիկանության կողմից բռնությունը բացառելու պարտավորությունը կատարելու համար:

Եվրախորհրդի կոմիտեն նաեւ կասկածի տակ է առնում իշխանությունների կողմից 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության արժանահավատությունը, ընդգծելով, որ այն պետք է պարզի` «արդյո՞ք ոստիկանության կողմից ուժի կիրառումը իրավաչափ էր, անխուսափելի եւ ցուցարարների ներկայացրած վտանգի աստիճանին համաչափ»:

Ըստ զեկույցի` իշխանությունները պետք է նաեւ բացատրեն, թե «ինչպե՞ս եւ ինչո՞ւ սպանվեցին մարդիկ եւ վիրավորվեցին այլոք»: Հարցը անպատասխան է մնում, եւ ոչ-ոք դեռ պատասխանատվության չի ենթարկվել մարտիմեկյան դեպքերի հետեւանքով տասը անձանց մահվան կապակցությամբ:

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ընդգծում է, որ «հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների լրջությունը` հրապարակային քննությունը պատշաճ կլիներ»: