Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են գտածո, որը կարող է օգնել պարզելու հին Մեսն քաղաքի՝ ավելի վաղ անհայտ կամ կորած փարավոնական դարաշրջանի բնակավայրի գտնվելու վայրը, հայտնում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։
Քանթարա-Շարք քաղաքում գտնվող Թելլ-Աբու-Սեյֆի հնագիտական տեղամասում, Եգիպտոսի արևելյան սահմանին՝ Սինայի անապատին հարակից Իսմայիլիա մուհաֆազայում, մասնագետներն ուսումնասիրում են Հորուսի հին ռազմական երթուղին, որը նախկինում կապում էր Եգիպտոսը Քանանի հետ։
Պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են ավազաքարից պատրաստված զանգվածային միջադիր, որը ճեղքված էր երկու մասի։ Դրա երեք կողմերին պահպանվել են մ.թ.ա. XIII դարում իշխած փարավոն Ռամզես II-ի տիտղոսներով արձանագրություններ։
Սակայն հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունը գրավել է մեկ այլ արձանագրություն։ Դրանում խոսվում է «Խոր, Մեսն քաղաքի տիրակալ» աստվածության արձանի վերականգնման մասին։
Հնագիտական առաքելության ղեկավար Հիշամ Հուսեյնի գնահատմամբ, այս արձանագրությունը հին բնակավայրի ինքնությունը պարզելու համար «չափազանց կարևոր վկայություն» է։
Միաժամանակ Եգիպտոսի Հնությունների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հիշամ էլ-Լեյտին ընդգծել է, որ միայն մեկ գտածոն բավարար չէ վերջնական եզրակացության համար։ Պեղումներն ու հետազոտությունները շարունակվում են, որպեսզի լրացուցիչ ապացույցներ ձեռք բերվեն, որ Մեսն քաղաքը գտնվել է հենց այս վայրում։
Արձանագրված քարե միջադիրից բացի՝ հնագետները հայտնաբերել են նաև հին տաճարի մնացորդներ, որը, ենթադրաբար, ավերվել է հռոմեացիների կողմից քարի արդյունահանման ժամանակ։ Տեղամասում պահպանվել են հում աղյուսից կառուցված զանգվածային արտաքին պատ, դարպասներ, ներքին սենյակներ, պահեստներ, տնտեսական սենյակներ և սրբավայր։
Հետազոտողները պարզել են, որ տաճարը բազմիցս վերակառուցվել է։ Համալիրն իր ամենամեծ ծաղկմանն է հասել հելլենիստական՝ Պտղոմեոսյան շրջանում։ Մ.թ. III դարում տարածքի մի մասը կրկին օգտագործվել է․ այստեղ կառուցվել են հռոմեական ռազմական զորանոցներ, որոնք հայտնի են որպես կաստրում։
Ավելի ուշ տեղամասը վերածվել է կրաքարային քարհանքի։ Այդ մասին վկայում են երկու մեծ կլոր վառարանները, որոնք կառուցվել են տաճարային սրբավայրի անկյունների վրա։ Այրված կրաքարի հետքերը մատնանշում են ուշ հռոմեական շրջանում կրաշաղախի արտադրությունը։
Հնագետները նաև հայտնաբերել են իրար հաջորդած երկու քարե ճանապարհների մնացորդներ, որոնք ամրացված տեղամասի արտաքին կողմից տանում էին դեպի տաճար։ Դրանցից մեկը վերաբերում է Պտղոմեոսյան, մյուսը՝ հռոմեական ժամանակաշրջանին։
Գտածոների թվում կային նաև վարչական և ռազմական նշանակության առարկաներ՝ թագավորական բանակի գրագրի թերթաքարե արձան, որը թվագրվում է XXVI դինաստիայով, ուշ շրջանի գլուխը և ոտնաթաթերը կորցրած արձան, բազալտից թագավորական արձանի իրան, ինչպես նաև բազալտից և կրաքարից բազեի արձանների բեկորներ։
Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Շերիֆ Ֆաթհիի կարծիքով, գտածոները ցույց են տալիս շրջանի ռազմավարական և մշակութային նշանակությունը, որը դարեր շարունակ կարևոր դեր է խաղացել երկրի արևելյան սահմանների պաշտպանության գործում։




























