Գիտնականներն առաջին անգամ փորձել են վերարտադրել են այն ֆիզիկական պայմանները, որոնց դեպքում սառցե հսկաների՝ Նեպտունի և Ուրանի ընդերքում կարող է տեղի ունենալ իսկական «ադամանդյա անձրև»։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, թե ինչպես ստացված տվյալները կարող են օգնել մեծացնել էներգիայի ելքը ջերմամիջուկային սինթեզի փորձերում։
Աշխատանքն իրականացրել են Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայի (LLNL) ֆիզիկոսները Ռոչեստրի համալսարանի Omega լազերային կայանում։ Արդյունքները հրապարակվել են Nature Physics ամսագրում։
Փորձի ընթացքում գիտնականները հզոր լազերային իմպուլսով գոլորշիացրել են ադամանդե նմուշի արտաքին շերտը։ Առաջացած հարվածային ալիքը տարածվել է ադամանդի միջով՝ սեղմելով այն մինչև Երկրի կենտրոնում եղած ճնշումից ավելի քան երեք անգամ բարձր ճնշման։ Միևնույն ժամանակ ջերմաստիճանը կարճ ժամանակով հասել է Արեգակի մակերևույթի ջերմաստիճանին համադրելի արժեքների։ Ծայրահեղ պայմանները պահպանվել են ընդամենը մոտ մեկ միլիարդերորդական վայրկյան։
Գիտնականները հետևել են տեղի ունեցողին տարբեր սենսորների օգնությամբ, այդ թվում՝ գերարագ ռենտգենյան դիֆրակցիայի միջոցով։ Ստացված տվյալները թույլ են տվել լուծել ադամանդի հալման ջերմաստիճանի շուրջ երկարամյա վեճը։ Նախորդ փորձերը և քվանտային մեխանիկայի վրա հիմնված հաշվարկները միմյանցից տարբերվում էին մոտ 20%-ով, ինչը համապատասխանում էր ավելի քան 1000 կելվին տարբերության։
Նոր չափումները ցույց են տվել, որ փորձարարորեն որոշված հալման ջերմաստիճանը համապատասխանում է ժամանակակից քվանտամեխանիկական մոդելներին։ Սակայն ավելի հետաքրքիր արդյունք էր նաև այն բացահայտումը, որ որոշակի ծայրահեղ պայմաններում պինդ ադամանդը լինում է ավելի քիչ խիտ, քան հեղուկ ածխածինը։
Հենց այս հատկությունն էլ կարող է առանցքային դեր խաղալ սառցե հսկաների ներսում «ադամանդյա անձրևի» ձևավորման մեջ։ Նեպտունի և Ուրանի խորքերում ճնշումն ու ջերմաստիճանն այնքան բարձր են, որ ածխաջրածինները կարող են քայքայվել, իսկ առաջացող ածխածինը՝ վերածվել ադամանդի։ Քանի որ պինդ ադամանդն ավելի խիտ է շրջակա միջավայրից, նրա բյուրեղները կարող են սուզվել մոլորակի ավելի խոր շերտեր։
Ընդերք ընկնող ադամանդներն այդ ընթացքում ջերմություն են արձակում շփման և գրավիտացիոն շարժման պատճառով։ Գիտնականները կարծում են, որ այս գործընթացը կարող է մասնակցել Նեպտունի ավելցուկային ներքին ջերմության ձևավորմանը, քանի որ այն տիեզերք է ճառագայթում զգալիորեն ավելի շատ էներգիա, քան ստանում է Արեգակից։
Փորձը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մոլորակագիտության համար։ Ադամանդե կապսուլաներ օգտագործվում են իներցիոն ջերմամիջուկային սինթեզի կայանքներում։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ նման կապսուլայում անհրաժեշտ պայմաններ ստանալու համար կարող է բավարար լինել ավելի դանդաղ և պակաս հզոր սկզբնական իմպուլսը։
Հեղինակների հաշվարկների համաձայն, նման մոտեցումը պոտենցիալ կարող է մոտ երեք անգամ մեծացնել ջերմամիջուկային ռեակցիայի էներգիայի քանակը՝ համեմատած կապսուլի ներսում վառելիքից անջատվող էներգիայի հետ։


























