Հարավային Օսիայում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, առաջին անգամ նշում են Պետական դրոշի օրը: Հանրապետության բոլոր դպրոցներում առավոտյան պետական խորհրդանիշների մասին դաս է անցկացվել, աշակերտները պատմել են օսական եռագույնի նշանակությունը եւ դրա պատմությունը:

Ցխինվալի կենտրոնական հրապարակում պատրաստվում են պետական դրոշի բարձրացման արարողությանը, որը կկատարվի Հարավային Օսիայի պետական հիմնի հնչյունների ներքո, հայտնում է «Ռես»-ը:

Որպես Հարավային Օսիայի ազգային խորհրդանիշ օսական եռագույնը սկսել է օգտագործվել 1989թ.-ից, երբ հանրապետությունում ազգային-ազատագրական շարժում էր բարձրացել:  1992թ. հունվարի 13-ին երկրի խորհրդարանը Պետական դրոշի մասին օրենք էր ընդունել:

Հարավային Օսիայի պետական դրոշը կազմված է երեք հավասար շերտերից՝ սպիտակ, կարմիր եւ դեղին (ոսկեգույն): Գույները խորհրդանշում են ազգային գիտակցության երեք հիմնական արժեքներ: Սպիտակը խորհրդանշում է արդարություն, մաքրություն եւ սրբազան փառք: Կարմիրը՝ խիզախություն ու անձնվիրություն: Ոսկեգույնը կամ դեղինը երկնքից եւ արեւից բխող խաղաղության, երջանկության եւ բարեկեցության  գունային  արտացոլումն է: