Հնդկաստանի արեւմտյան Կոլհապուր քաղաքում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որը, ըստ նրանց, կասկածելի կերպով թեյ էր խմում ճամփեզրի սրճարաններից մեկում: Ցուցաբերած չափազանց զգոնության համար ոստիկանները ստիպված են եղել պատասխան տալ:
Վիջայ Պատիլը թեյ էր խմում սրճարանում, երբ հանկարծ նրան մոտեցել են երկու ոստիկաններ եւ կալանավորել Հնդկաստանի Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի համապատասխան, որը թույլ է տալիս կալանավորել հանցագործության ընդունակ թվացող անձանց, հայտնում է AFP-ն: Ոստիկանները հայտարարել են, որ տղամարդուն կասկածելի վարքի համար են ձերբակալել:
Սակայն Բոմբեյի գերագույն դատարանը մերժել էր հայցը՝ հայտարարելով, որ ոստիկանների դրդապատճառները «շփոթեցնող են»: «Մենք չգիտեինք, որ մեր օրենքը քաղաքացիներից բացատրություն է պահանջում, երբ նրանք թեյ են խմում՝ լինի դա առավոտյան, ցերեկը, թե գիշերը: Մարդիկ կարող են տարբեր կերպով թեյ խմել: Ոչ բոլորն են դա էլեգանտ անում, ոմանք անգամ աղմուկով են խմում: Բայց ոչ ոք «կասկածելի» չի խմում», - դատավորների հայտարարությունն է մեջբերում Russia Today-ը:
Դատարանում նշել են, որ 151-րդ հոդվածը կարող է կիրառվել անմիջականորեն հանցավոր գործողությունների դիմող անձանց նկատմամբ, ոչ թե նրանց, ում պահվածքը կասկածելի է թվում: Հակառակ դեպքում դա մարդու իրավունքների խախտում է:





























