Նախագահը պարտավոր չէ,  որեւէ երկիր այցելելիս, անպայման գնա եւ բարեւ տա այդ երկրի նախագահին կամ այդ  քաղաքապետին:  Այս մասին այսօր` սեպտեմբերի  19-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով այն հարցին, որ Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը անգամ Մոսկվայի քաղաքապետը ներկա չէր, ում քաղաքապետ նշանակվելու առիթով Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել:

Դավիթ Հարությունյանը նաեւ ընդգծեց, որ նման հանդիպում նախատեսված չի էլ եղել. «Այնպես որ, ես կարծում եմ, որ ձեր մոտեցումը սխալ է, թե ինչ-որ մեկը չի ընդունել: Նախագահը մեկնել էր այլ առաքելությամբ»,- հիմնավորեց Դավիթ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ պատշաճ չէ՞ր լինի, որ նախագահի մակարդակով դիմավորեին Սերժ Սարգսյանին, Հարությունյանն արձագանքեց. «Ոչ, որովհետեւ նախագահը կարող է մեկնել ցանկացած երկիր լայն խնդիրների շրջանակով եւ դա չնախատեսի հանդիպում տվյալ երկրի նախագահի կամ քաղաքապետի հետ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ առաքելությամբ ես դու մեկնել»: