Վենեսուելայի պատվիրակության անդամներին, որոնք պետք է մասնակցեին Նյու Յորքում սեպտեմբերի վերջին սկսվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին, մերժել են ամերիկյան վիզա տրամադրելը: Այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Ըստ Մադուրոյի ` ամերիկյան վիզա չստացած պաշտոնատար անձանց թվում է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ բանակի հրամանատար Վիլմեր Բարիենտոսը:
Սեպտեմբերի 19-ին Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան հայտնել էր, որ ԱՄՆ-ն հրաժարվել է իր օդային տարածք թողնել Նիկոլաս Մադուրոյի օդանավը, որը պաշտոնական այցով Չինաստան էր ուղեւորվում: Մադուրոյի այցը ՉԺՀ պետք է սկսվի սեպտեմբերի 20-ից: Ըստ արտգործնախարարի` ամերիկյան օդային տարածքը չտրամադրելը չի խախտի Մադուրոյի ծրագրերը: Կմշակվեն այլընտրանքային երթուղիներ:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել տվյալ միջադեպը, հաղորդում է «Ռոսբալտը»: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի բոլոր երկրներին կոչ է արել ի նշան բողոքի հրաժարվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին մասնակցելուց:





























