Եվրամիությունը նախկինի նման մտադիր է Հայաստանի հետ զարգացնել համագործակցությունը, թեեւ վերջինս հետաքրքրություն չի ցուցաբերում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցում՝ գերադասելով Մաքսային միությանն անդամակցությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարել է հարեւանության քաղաքականության եւ ԵՄ ընդլայնման հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն:
«Եվահանձնաժողովը պատրաստ է եւ տրամադրված Հայաստանի հետ համագործակցության նոր ձեւեր որոնելու»,-ասել է Ֆյուլեն «Յալթայի եվրոպական ռազմավարություն» համաժողովի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի Ուկրաինան»:
Նրա խոսքով՝ Հայաստանն «Արեւելյան գործընկերության» ծրագրի ակտիվ անդամ է եւ շարունակում է բարեփոխումները, որոնք առաջարկել են Եվրամիության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին:





























