Ուկրաինայի եւ ԵՄ-ի համագործակցությունը, որի ստորագրությունը նախատեսվում է նոյեմբերին, շահավետ է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ կարող է առաջընթաց քայլ հանդիսանալ ՌԴ մասնակցությամբ մեծ ազատ առեւտրային գոտի ստեղծելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Յալթայի եվրոպական ռազմավարություն» համաժողովի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Համաձայնագիրը շահավետ է թե ԵՄ-ի, թե Ուկրաինայի համար, սակայն, ընդ որում, այն շահավետ կլինի նաեւ հարեւանների համար: Դա կարող է առաջընթաց քայլ հանդիսանալ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ազատ առեւտրային գոտի ստեղծելու համար»,-ասել է Ֆյուլեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի Ուկրաինան»:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը ձեռնտու է նաեւ ԵՄ անդամ-պետությունների համար, քանի որ կհեշտացնի եվրոպական ապրանքների դուրսբերումը ուկրաինական շուկա:
«Տնտեսական առավելություններն ակնհայտ են. տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ համաշխարհային առեւտուրը դանդաղում է, ԵՄ երկրների համար նոր շուկան անհրաժեշտ է: Դա շահավետ է նաեւ Ուկրաինայի համար՝ շուկայի հասանելիության տեսանկյունից»,-ասել է Ֆյուլեն:





























