Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը անցած տարի ավելացել է 103 տոկոսով եւ կազմել 30 մլն դոլար։ Այս մասին Երեւանում հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 4-րդ նիստից հետո հայտարարել է այդ հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի ԱԺ հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը։
Նրա խոսքով, Բելառուսը Հայաստանի առեւտրային 4-րդ գործընկերն է։ «Սա այնքան էլ վատ ցուցանիշ չէ, գոնե դրա ընդլայնման պոտենցիալ կա»,- նկատել է Կարապետյանը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը արդյունավետ կերպով զարգանում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական-ռազմավարական առումներով։ «Բելառուսը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մենք համագործակցում ենք ՀԱՊԿ շրջանակներում»,- նկատել է Կարապետյանը։ Նա նշել է, որ հանձնաժողովի՝ կես տարի անց Մինսկում կայանալիք նիստին կքննարկվեն միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակ, հանձնաժողովի համանախագահ Վալերի Իվանովն իր հերթին հայտարարել է, որ Բելառուսում շատ են սիրում հայկական երաժշտություն եւ հայկական խոհանոցը։ «Մեր երկրում հայկական մեծ համայնք կա, որին սիրում եւ հարգում են։ Հայերը ներգրավված են մեր երկրի բոլոր ոլորտներում, միեւնույն ժամանակ պահպանում են իրենց մշակույթը եւ սովորույթները»,- հավաստիացրել է փոխնախագահը։ Խոսելով երկկողմ համագործակցության մասին՝ Իվանովը նշել է, որ հետաքրքրությունների հիմնական ոլորտ է հանդիսանում արդյունաբերությունը. «Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կիսվել մեր փորձով, ինչպես դա անում ենք արեւմտյան երկրների հետ»,- հավաստիացրել է փոխխոսնակը։ Նա ընդգծել է, որ հետաքրքիր կլինի նաեւ համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ «Հայաստանն այս բնագավառում մեծ փորձ ունի, որովհետեւ ձեր երկրում ԱԷԿ կա։ 10 տարի հետո Բելառուսում եւս ԱԷԿ կկառուցվի, եւ այն ժամանակ մենք հայկական փորձի կարիքը կունենանք։ Հնարավոր է՝ վերապատրաստվելու համար մենք մեր մասնագետներին Հայաստան ուղարկենք»,- ամփոփել է Իվանովը։



























