Մարտի 22-ի առավոտյան Թուրքիայում հայտնի Էրգենեկոնի գործի շրջանակներում եւս 10 հոգու են ձերբակալել: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում ընթանում են հիշյալ անձանց հարցաքննությունները։
Նշենք, որ Էրգենեկոնը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը նախատեսել էր կազմակերպել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, իրականացնել հեղաշրջում։ Մասնավորապես` հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ցանկացել են սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Էրգենեկոնի գործը բաժանվել է մի քանի դատավարությունների, որոնցից ամեն մեկում մեղադրվում են 5 տասնյակից ավել անձինք։ Մեղադրական զեկույցները կազմում են մի քանի հարյուր էջ։



























