iPhone5С-ի եւ 5S-ի վաճառքը հանգստյան օրերին կազմել է 9 միլիոն սարքավորում, ասվում է Apple-ի պաշտոնական կայքում: Բացի այդ, iOS-ի մոտ 200 միլիոն օգտատերեր այն փոխարինել են iOS 7-ով. այս անցումը ընկերությունը համարում է պատմության ընթացքում ամենաարագը:

«Սա պատմության ընթացքում iPhone-ի ամենահաջող թողարկումն է. արդեն 9 միլիոն նոր iPhone ենք վաճառել, եւ դա հանգստյան օրերի ընթացքում վաճառքի ցուցանիշի բացարձակ ռեկորդ է»,- մեջբերվում է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հայտարարությունից, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետն»-ն:

Հիշեցնենք, որ iPhone 5-ի վաճառքն առաջին հանգստյան օրերին կազմել է մոտ 5 միլիոն, իսկ iPhone 4S-ի՝ մոտ 4 միլիոն:

Նոր մոդելների վաճառքը մեկնարկեց սեպտեմբերի 20-ին: Նորույթը ձեռք բերելու հնարավորություն ունեին ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոնգկոնգի, Կանադայի, Չինաստանի, Պուերտո-Ռիկոյի, Սինգապուրի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի բնակիչները:

Ընկերությունում նշում են, որ 5S մոդելի պահանջարկը գերազանցում է նախապես ծրագրավորված ծավալը, ուստի ինտերնետ-խանութների շատ պատվերներ կկատարվեն մոտակա  շաբաթների ընթացքում:

Սեպտեմբերի 23-ին NASDAQ-ում Apple-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ աճել է՝ 468 դոլարի մինչեւ 495 դոլար, ինչն, ամենայն հավանականությամբ, ընկերության արժեթղթերի հանդեպ ներդրողների մեծ հետաքրքրության հետեւանքն է: