Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվում է «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» նոր օրենքի նախագիծը, որը հնարավոր է մինչեւ տարեվերջ ներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ Ինչու՞ էր անհրաժեշտ նոր օրենք. NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում պարզաբանում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի  նախագահ Սամվել Հարությունյանը։

Պարոն Հարությունյան, նախապատրաստվում է «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» նոր օրենք։ Ի՞նչը չէր բավարարում հին օրենքում, եւ ի՞նչ նոր հնարավորություններ կընձեռի մշակվող օրենքը։

Գործող օրենքը ընդունվել է 2000 թվականին, բավականին հապշտապ, քանի որ առանց օրենքի այլեւս գործել հնարավոր չէր։ Հետագայում արդեն բարեփոխումների մի շրջան էր պետք անցնել, հասկանալու համար, որ մեզ նոր օրենք է պետք։ Օրինակ, նոր օրենքում հստակեցվում են պետական եւ ոչ պետական գիտական հիմնարկների ֆինանսավորման առանձնահատկությունները. պետական հիմնարկները բյուջեից օգտվելու որոշակի առավելություններ ունեն, բայց դա չի նշանակում, որ ոչ պետականները չեն կարող բյուջեից գումարներ ստանալ: Նախկինում այս հարցերը հստակեցված չէին։

Ծնվել են նոր գաղափարներ, որոնք այն ժամանակ չկային, օրինակ՝ հետազոտական համալսարան։ Չկար սահմանում, ինչ բան է ազգային գիտական լաբորատորիան։ Գործող օրենքում նույնիսկ սահմանված չէ, թե ինչ բան է բազային ամբիոնը, գիտական դրամաշնորհը, գիտատեխնիկական արտադրանքը, անգամ գիտաշխատող հասկացությունը, եւ այլն։ Այսինքն բազմաթիվ նոր սահմանումներ, նոր հասկացություններ են մտել օրենքի մեջ, որոնք թելադրված են գիտության զարգացման նոր մոտեցումներով։

Նաեւ անհրաժեշտ էին որոշակի փոփոխություններ այլ օրենսդրական ակտերի ընդունման հետեւանքով. առանձին ընդունվել է «Հայաստանի Գիտության ազգային ակադեմիայի մասին» օրենքը, իսկ «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքն այժմ գտվնում է Ազգային Ժողովում և անցել է առաջին ընթերցումը: Սկզբում մենք ուզում էինք ընդունել գործող օրենքի փոփոխություններ եւ լրացումներ, բայց այդ փոփոխություններն այնքան շատ էին, որ ստիպված եղանք առաջարկել նոր օրենք։ Օրենքը շատ հրատապ է հիմա, հատկապես միջազգային եւ տարածաշրջանային համագործակցության համատեքստում, եւ այն պետք է  շատ արագ ընդունել։ Այս պահին օրենքի նախագիծը քննարկման փուլում է ՀՀ կառավարությունում, եւ մենք հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ այն կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը։  

Դուք ասացիք, որ օրենքում սահմանվել է գիտական դրամաշնորհ հասկացությունը, այդ սահմանմամբ կլուծվի արդյո՞ք գիտնականների կողմից բազմիցս արծարծված խնդիրը՝ որ գիտական դրամաշնորհները պետք է հարկերից ազատվեն։

Ոչ։ Օրենքն այդպիսի արտոնություն չի սահմանում։ Դրամաշնորհները լինում են տարբեր, ունենում են տարբեր նպատակներ: Ես ինքս դեմ եմ, որ բոլոր դրամաշնորհները չհարկվեն։ Դրանք պետք է լինեն մասնավոր դեպքեր, որոնց վերաբերյալ կարելի է առանձին պայմանագրեր ստորագրել եւ չհարկել։ Օրինակ ISTC-ն իր պայմանագրերում հստակ գրանցում է այդ կետը:

Դուք մշակել եք գիտության երիտասարդացմանն ուղղված ծրագիր, ինչ փուլում է այն, եւ նախատեսվում է արդյո՞ք  հետթեկնածուական (պոստդոկ) համակարգի ներդրում։

Ծրագիրը քննարկվել եւ հավանության է արժանացել  ՀՀ վարչապետին կից  գիտատեխնիկական խորհրդում, այժմ այն քննարկվում է գերատեսչություններում։ Հույս ունենք, որ մինչեւ տարեւերջ այն կընդունվի, և այդ ժամանակ  ծրագրով նախատեսված միջոցառումները կներառվեն  միջնաժամկետ ծախսային ծրագրերի, ինչպես նաև բյուջեի մեջ։

Պոստդոկտորանտուրայի ինստիտուտը լինելու է անպայման` ավելին 2015 թվականից մենք կսկսենք համապատասխան կադրեր ուղարկել արտերկրում սովորելու/ աշխատելու համար։ Մենք ծրագրել ենք առաջնահերթ կադրեր ուղարկել Եվրոպա օսմանագիտություն, ցեղասպանագիտություն եւ  հայագիտության համար անհրաժեշտ այլ բնագավառներում ուսանելու/պատրաստվելու նպատակով։

Ընդհանրապես, այդ ինստիտուտը պետք է կիրառել բոլոր ոլորտներում: Բնական գիտությունների ոլորտում մենք արդեն իսկ այնքան բան ենք արել, որ մարդիկ ինքնուրույն ձեռք են բերել հնարավորություններ դրսի ռեսուրսներն  օգտագործելու համար։ Այստեղ մեր կապերն այնքան են ակտիվացել, որ սիներգիզմն ապահովված է, իսկ հայագիտական ոլորտը պետական հոգածության մեծ կարիք ունի։

Պարոն Հարությունյան, վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդի վերջին նիստում քննարկվել է նաեւ որոշ գիտական ձեռքբերումների առեւտրայնացման հարցը։ Որոշում է կայացվել մի քանի հաջողված ծրագրեր փոխանցել էկոնոմիկայի նախարարութուն` հետագա ճակատագիրը որոշելու համար։ Ի՞նչ ծրագրեր են, եւ ինչո՞ւ էկոնոմիկայի նախարարություն։ Գիտպետկոմը չունի՞ արդյոք նման գործառույթներ։ 

Այսօր գիտության պետական կոմիտեի գործունեությունը սահմանափակվում է միայն փորձակոնստրուկտորական, փորձատեխնոլոգիական, նախագծատեխնոլոգիական աշխատանքների ֆինանսավորումով՝ դրանք հասցնելով մինչեւ գիտական արտադրանքի։ Հաջորդ փուլը՝ գիտական ապրանքի վաճառքը, արդեն Էկոնոմիկայի նախարարության գործառույթն է։  Եթե էկոնոմիակայի նախարարությունն ունենար մի հզոր կառույց, որ կզբաղվեր նորարարական գործունեությամբ, միգուցե գործընթացի կազմակերպումն ավելի արդյունավետ կլիներ։ Բայց ցավոք սրտի, այդպիսի կառույց չկա։ Եթե այդ աշխատանքները մեզ հանձնարարվեն, ես միայն ուրախ կլինեմ։

Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված առաջին մրցույթում մենք մասնավորի հատվածի հետ համատեղ 17 նորարարական ծրագիր ֆինանսավորեցինք: 10-ը հոյակապ արդյունքներ տվեցին, 10-ից չորսը ներկայացվեցին ՀՀ վարչապետին կից գործող գիտատեխնիկական խորհրդում  և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բոլոր տասն էլ փոխանցեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի առեւտրայնացնեն։ Օրինակ, առաջարկվել են նոր տիպի ջրային փականների, նանոներկերի արտադրության տեխնոլոգիա։ Ընդհանրապես շատ լավ արդյունքներ կան, որոնցով հետաքրքրվում են նաեւ դրսում, օրինակ Սելիմյանների խմորիչները արդեն կիրառվում են Մոսկվայում, իսկ Պրահայում դրանցով հետաքրքրված են։ Այնպես որ, սա հաջողված ծրագիր կարելի է համարել:

Միգուցե այստեղ մի միջանկյալ կառույցի կարի՞ք կա, ինչ-որ նորարարական կենտրոնի։

Այս գործընթացքում կարիք կա վենչուրային հիմնադրամի։ Զարգացած երկրներում, որտեղ նորարարական գործունեությունը նորմալ հիմքերի վրա է դրված, պետական կառույցներից բացի գործում են նաեւ վենչուրային հիմնադրամներ, որոնք ռիսկային գումարներ ունեն, եւ տրամադրում են գիտական ապրանքը առեւտրայնացնելու համար։ Շատ հաճախ լինում է, որ տաս ծրագրից միայն մեկն է լավ արդյունք տալիս, սակայն ծրագրի հաջող լինելու պարագայում բոլոր այդ ծրագրերի վրա ծախսած գումարը կարող է տասնապատիկ վերադառնալ։ Եթե Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծի այդպիսի մի հիմնադրամ, ապա առեւտրայնացման գործը բավականին հաջող ընթացք կստանա։

Կամ պետք է ունենալ նորարարական հիմնադրամ։ Օրինակ, գիտության պետական կոմիտեն նպատակ ունի մոտ ապագայում ստեղծել նմանատիպ հիմնադրամ, որովհետև այն գումարները, որոնք ծախսվում են փորձակոնստրուկտորական, փորձատեխնոլոգիական, նախագծատեխնոլոգիական ծրագրերի իրականացման վրա կարող են հետ գալ և ծախսվել նորերի իրականացման համար: Իհարկե, անհրաժեշտ է նշել, որ տնտեսության մեջ գիտական արդյունքի ներդրման արդյունավետության բարձրացման նպատակով ավելի նպատակահարմար է ողջ գործընթացի /գիտելիքի ստեղծում, փորձակոնստրուկտորական, փորձատեխնոլոգիական աշխատանքների իրականացում, գիտական արդյունքի առևտրայնացում, գիտաինովացիոն ծրագրերի իրականացում և, վերջապես, գիտական հետազոտությունների վրա հիմնված տեխնոլոգիաների մշակում և ներդրում/  իրականացման կազմակերպումը կենտրոնացնել մեկ կառուցում:

Իսկ այդպիսի հարց  քննարկվո՞ւմ է։ Ասենք, որ գիտպետկոմը դառնա նախարարություն բոլոր վերը նշված գործառույթներով։

Մի ժամանակ քննարկվում էր, կարող է հիմա էլ հանրապետության ղեկավարությունը մտածում է այդ ուղղությամբ, համենայն դեպս ինձ ոչինչ չի ասվել, թեպետ ես համարում եմ, որ մենք այնքան ենք հասունացել, որ ի վիճակի ենք ամբողջ ոլորտը վերցնելու մեր ձեռքը եւ շարժվելու առաջ։

Պարոն Հարությունյան, նախագահ Սարգսյանը խոստացավ Երիատասարդ գիտնականների աջակցության ծրագրին տրամադրել տարեկան հավելյալ 100 միլիոն դրամ պետբյուջեից  (100 մլն դրամ տրամադրվում է այլ աղբյուրներից)։ Ավելի ուշ նախարար Աշոտյանը տեղեկացրեց, որ արդեն կա որոշում 150 մլն դրամ (մեկուկես տարվա կտրվածքով) հատկացնելու վերաբերյալ, սակայն մեկ հարց մնաց բաց՝ այդ գումարը տրամադրվելու է հավելյա՞լ, թե գիտպետկոմին տրամադրվող գիտությանը ուղղված միջոցներից։ Որտեղի՞ց պետք է վճարվի այդ գումարը։

Այդ գումարները վճարվում են ՀՀ պետական բյուջեից: Այլ հարց է, թե որ կառույցի միջոցով: Կոնկրետ այդ 150 միլիոնը Գիտության պետական կոմիտեի միջոցով է տրվելու և այն ներառվելու է պետական բյուջեի գիտության մասում, որի աճը 2014թ. կազմելու է 10.7 տոկոս։ Եւս 100 մլն դրամ ՀՀ կառավարությունը կտրամադրի իր պահուստային ֆոնդից։

Իսկ ընդհանուր առմամբ, կոմիտեի միջոցով վերջին տարիներին երիտասարդական ծրագրերի իրականացման համար ծախսվել է տարեկան մինչեւ 350 մլն դրամ։ 2014 թվականին այս թիվը կմոտենա 500 մլն։  Այսօրվա մեր բյուջեի պայմաններում սա լուրջ թիվ է։ Դա մեզ հատկացված ողջ բյուջեի 5 %  է, երբ, օրինակ,  պետական համալսարանին հատկացված գումարը կազմում է ամբողջ բյուջեի 8 %-ը։ Քիչ է, իհարկե, բայց այս բյուջեի պայմաններում լավ է։

Զրուցեց Անահիտ Սարգսյանը