Մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձի խնդիրը կրկին բազմաթիվ բանավեճերի առարկա է դարձլ: Բնականաբար, յուրաքանչյուր կողմը փաստարկենր է ներկայացնում իր եւ իր տեսակետի օգտին:

Ուղեվարձի թանկացման փոքրաթիվ կողմնակիցները դա փաստարկում են նրանով, որ մեզ մոտ, զարգացած երկրների քաղաքների համեմատ, ուղեվարձը էժան է: Դա, իհարկե, այդպես է: Սակայն կան հարաբերական ցուցանիշներ, որոնք կներկայացնեն ընտանեկան բյուջեից տրանսպորտի վրա ծախսվող միջոցների համագումարը:

Գերմանիայում ամսական միջին անվանական աշխատավարձը ընթացիկ տարվա առաջին եռամսյակին կազմել է 3.4 հազար եվրոյից մի փոքր ավել: Այդ գումարից հանենք պարտադիր վճարումները՝ եկամտահարկը, կենսաթոշակային ներդումները, բժշկական ապահովագրությունը, ապահովագրությունը գործազրկությունից, այսպես կոչված ապահովագրություն «անօգնականությունից» եւ նախկին ԳԴՀ հողերի օգտին իրականացվող սոլիդար ներդրումները: Արդյունքում մաքուր աշխատավարձը կազմում է 2.1 հազար եվրո:

Բեռլինում տոմսերի արժեքը տարբերվում է ինչպես ըստ երեք գոտիների, այնպես էլ դրանց օգտագործման ժամկետներով: Մեկ ամսվա համար նախատեսված ամենաթանկ տոմսը՝ նախատեսված բոլոր գոտիներով անցնելու եւ տրանսպորտի գործառնության ամբողջ ընթացքի համար, կարժենա 95 եվրո: Դա կազմում է միջին աշխատավարձի մոտ 4,5%:

Հավելենք, որ այդ տոմսով երթեւեկելու քանակությունն անսահմանափակ է, կարեի է օգտվել տրանսպորտի ցանկացած տեսակից՝ մետրոյից, ավտոբուսներից, տրամվայներից, ինչպես նաեւ մի քանի շոգենավերից, որոնք ունեն բավականին գեղատեսիլ երթուղի:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Երեւանում միջին ամսական անվանական աշխատավարձը հունիսին կազմել է  157,9 հազ. դրամ: Շատերին այս թիվը հավատ չի ներշնչում, բայց, այլ տվյալներ չունենալով, այս ցուցանիշն ընդունենք հաշվարկային հիմք:

Եկամտահարկը հանելուց հետո մաքուր աշխատավարձը 118,8 հազ. դրամից էլ քիչ է կազմում: Նշենք, որ նման բարձր հարկի վճարումը չի նախատեսում մի շարք կարեւորագույն ապահովագրություններ, որոնք նախատեսված են ԳԴՀ-ում:

Ճանապարհածախսը ձեւակերպենք նվազագույն սխեմայով՝ օրական երկու ուղղությամբ մեկնում  կամ ամսական 60 անգամ: Գործող սակագնով մայրաքաղաքի ներսում ծախսը ամսական կազմում է 6000 դրամ կամ մաքուր աշխատավարձի 5 տոկոսից ավելին:

Իսկ եթե երկու տրանսպորտ փոխվի, նվազագույն տարբերակում այդ ցուցանիշը դառնում է 10 տոկոս: Այնինչ բեռլինցին, ամսվա համար տրանսպորտից օգտվելու քարտ ձեռք բերելով, ցանկության դեպքում կարող է ամբողջ օրը երթեւեկել տարբեր երթուղիներով: Ընդ որում՝ այնպիսի հարմարավետ պայմաններում, որի մասին երեւանցին միայն կարող է երազել...

Սմբատ Գրիգորյան