Սոֆիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպել է Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնեւի հետ եւ քննարկվել համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Ստոյնեւն ընդգծել է առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները: Իբրեւ նախընտրելի ոլորտներ` նախարարն առաջարկել է համագործակցել ռազմաարդյունաբերական, դեղագործության, գյուղատնտեսական մթերքների, սննդաարդյունաբերության սարքավորումների արտադրության  բնագավառներում:

Դեսպան Սհոյանը կարեւորել է Սոֆիայում միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքների անցկացումը, կլոր սեղանների եւ համաժողովների կազմակերպումը` գործարարների եւ ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ:

Կողմերը կարեւորել են զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությունը` հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը: Քննարկվել է նաեւ Երեւան-Սոֆիա ավիաչվերթի շահագործմամբ  պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը: