Քալիֆորնիայում պապարացիների դեմ օրենք են ընդունել, որն արգելում է հայտնի մարդկանց երեխաների հետապնդումը, ֆոտո եւ տեսանկարահանումը: Օրենքը խախտելու դեպքում նախատեսված է 10 հազար դոլարի տուգանք եւ մինչեւ մեկ տարվա ազատազրկում:

Օրինագիծը լուրջ աջակցություն է գտել հոլիվուդյան աստղերի շրջանում: Մասնավորապես, դերասանուհի Ջենիֆեր Հարները եւ Հոլլի Բերին հանդես են եկել հասարակական անվտանգության հանձնաժողովում՝ խնդրելով հավանություն տալ օրինագծին:

«Մենք կամակոր հայտնի մարդիկ չենք, ինչպես հաճախ մտածում են մարդիկ: Առաջին հերթին, մենք ծնողներ ենք, որոնք պարզապես ցանկանում են պաշտպանել իրենց երեխաներին»,-հայտարարել է Հոլլի Բերին:

Ընդ որում, պապարացիներին այս օրենքը չի վախեցնում: Լուսանկարիչները մտադիր են լուսանկարել հայտնի մարդկանց երեխաներին՝ առանծ ծնողների համաձայնության: Մասնավորապես, Us Weekly-ի խմբագիր Յեն Դրյուն ABC-ին տված հարցազրույցում նշել է. «Նրանք պետք է պատասխանատվություն վերցնեն նրա համար, թե ովքեր են իրենք: Չի կարելի լինել հայտնի մարդ եւ սպասել, որ ոչ ոք քեզ չի լուսանկարի: Դա հիմարություն է»:
Նոր օրենքն ուժի մեջ է մտնում 2014-ի հունվարի 1-ից, հաղորդում է BFM.RU-ն: