Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 2-ից 3-ը ավստրիական Բադ-Գաշտայն քաղաքում կազմակերպում է ֆորում, որի նպատակն է քննարկել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ընթացքն ու ապագայի ծրագրերը: Այդ մասին հաղորդում են ԱՀԿ-ի Եվրոպական բյուրոյի կայքում:
Այդ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաեւ հարցեր՝ կապված ԱՀԿ եվրոպական նախարարական կոնֆերանսի հետ, որի ժամանակ կանդրադառնան «Առողջություն-2020» քաղաքականության ենթատեքստում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելմանը: Այն տեղի կունենա 2013թ.-ի դեկտեմբերի 3-4-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում:
Ֆորումի ընթացքում կդիտարկվեն «Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նպատակով առողջապահության համակարգի ամրապնդման» նախագծի նախնական արդյունքները, որն ընթանում է Հայաստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում:
Հանդիպման ժամանակ սպասվում է առողջապահության համար պատասխանատու նախարարների ներկայություն, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Բելառուսից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրմենստանից եւ Ուզբեկստանից:





























