Ալյասկայի մայրաքաղաք Ջունո քաղաքի բարերից մեկում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել, որը կարող էր ավարտվել ողբերգությամբ: Ժամանցի ամենաթեժ պահին հաստատություն է նտել հսկայական սեւ արջը: Աստված գիտի, թե քանի մարդու նա կարող էր հոշոտել, եթե մատուցողուհին ձայնը չբարձրացներ արջի վրա, գրում է Washington Post-ը:
Արջը ուշ երեկոյան զբոսնելիս է եղել հյուրանոցի շրջակայքում եւ շատ վճռական է տրամադրված եղել: Սկզբում կենդանուն նկատել են հյուրանոցի աշխատակիցները, սակայն չեն համարձակվել որեւէ քայլ անել: Մեկ րոպե անց արդեն ուշ է եղել որեւէ բան ձեռնարկել, քանի որ գազանը մտել է բար եւ հայտնվել մատուցողուհի Արիել Սվեթլիք-ՄակՔարթնիի հետ դեմ հանդիման:
Չիմանալով, թե ինչպես պետք է պահել նման դեպքում, աղջիկը սկսել է բղավել գազանի վրա. «Կանգ առ, արջ, հեռացիր: Դու իրավունք չունես այստեղ գտնվել»:
Մենեջերներն արդեն պատրաստ են եղել փրկարար ծառայություն զանգահարել, երբ հանկարծ արջը շրջվել է ու հեռացել՝ առանց որեւէ ձայն հանելու, հաղորդում է Vesti.ru-ն:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Կենդանաբան Ռայան Սքոթի խոսքով՝ մատուցողուհին իրեն արիաբար է պահել եւ ամեն ինչ ճիշտ է արել:





























