Աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 25-ին ՀՀ արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի ելույթին ներկա են եղել Հարվարդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ:
Նախարար Նալբանդյանն իր ելույթում եւ հարցերին պատասխաններում ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, սիրիական ճգնաժամի եւ դրա հանգուցալուծման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ’Նիլի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հեղինակավոր կրթօջախում հայազգի ուսանողների առավել ներգրավման հնարավորությունները։
Հարվարդում նախարար Նալբանդյանը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էրնեստ Բարսամյանին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված «Մխիթար Հերացի» մեդալը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին։





























