Կանադան աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացը եւ որեւէ կերպ չի ցանկանում խանգարել դրան: Այս մասին սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Դիոնը, հավելելով, որ Ղարաբաղ այցելել է սեփական նախաձեռնությամբ:

Նրա խոսքով՝ Ղարաբաղ այցելելուց եւ այնտեղի պաշտոնյաների հետ հանդիպելուց հետո կարելի է հասկանալ, որ նրանք խաղաղություն են ցանկանում: Անդրադառնալով Ադրբեջանի «սեւ ցուցակին», նա ընդգծել է. «Ես գիտեի Հայաստանի եւ Ադրբեջանի լարված հարաբերությունների մասին, սակայն չգիտեի նման ցուցակի գոյության մասին: Դա ինձ համար անտրամաբանական է»: Նրա համոզմամբ՝ սխալ է որեւէ երկրի բնակչությանն առանձնացնել մյուս մարդկանցից: Դիոնը հավելել է, որ նպատակ չի ունեցել լարվածություն մտցնել Ադրբեջանի եւ Կանադայի հարաբերություններում: