«Երեւան իմ սեր» հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել NEWS.am լրատվական-վերլուծական կայքում տպագրված «Պահանջելու ենք Տիգրան Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի հրաժարականը. Կոզեռնի բնակիչներ» վերտառությամբ նյութի կապակցությամբ:

Պարզաբանման մեջ ասվում է.

• «Երեւան իմ սեր» հիմնադրամը չի պատկանում ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին: Թեեւ «Երեւան իմ սեր» հիմնադրամի մտահաղացման եւ Միացյալ Թագավորությունում բարձրագույն մակարդակով եւ արքայական ընտանիքի մասնակցությամբ մեկնարկի հեղինակը ՀՀ նախկին վարչապետ պարոն Արմեն Սարգսյանն է, հիմնադրամի բարեգործների եւ աջակիցների թվում են թե՛ մեր հայրենակիցները, թե՛ բազմաթիվ արտասահմանցի հեղինակավոր քաղաքական այրեր, գործարարներ եւ արվեստագետներ` Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազնը, Ռոբերտ Դադլին, Լորդ Արա Դարզին, Վաչե Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Հայկ Դիդիզյանը, Վլադիմիր Յակունինը, Elettronica S.p.A. ընկերության տնօրեն Էնցո Բենինին, Սերգեյ Համբարձումյանը, տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը, Պերճ Սեդրակյանը, Սամիր Թրաբուլսին, Վաֆիք Սաիդը եւ այլոք, ինչպես նաեւ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «HSBC», «Bank of America»,  «Вимпелком», «AREVA», «ИТЕРА», «Kingsbridge Group», «ENI», «Oxidental Petroleum» «ЭнергоПроект» եւ այլն: Բազմաթիվ աջակիցներ ոչ միայն հայ չեն, այլեւ մինչեւ Հիմնադրամի գործունեությունը որեւէ առնչություն էլ չեն ունեցել Հայաստանի հետ եւ նրանց ներգրավվածությունը Երեւանին նվիրված բարեգործական ծրագրերին նույնպես «Երեւան իմ սեր» հիմնադրամի ներդրումն է: Այդպիսով հիմնադրամը ոչ թե պատկանում է Արմեն Սարգսյանին, այլ վերջինս հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը եւ խոշորագույն նվիրատուներից եւ բարեգործներից մեկը: 

• Հիմնադրամը նպատակ չի հետապնդում Երեւան քաղաքում որպես սեփականություն հողամաս կամ շենքեր ձեռք բերել: Հիմնադրամի բարեգործական ծրագրերի շահառուները երեւանցիներն են եւ ծրագրերի իրագործման համար հատկացված հողամասերը եւ դրանց վրա կառուցվող շենքերը շինարարության ավարտից հետո չեն պատկանելու Հիմնադրամին, այլ վերադարձվելու են Երեւան քաղաքին եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն: Եվ եթե ընդունենք, որ հատկացվող մոտ 298 քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը կարող է հասնել 115  մլն ՀՀ դրամի, նույնիսկ այդ դեպքում, բարեգործական ծրագրով նախատեսված շենքերի կառուցումից հետո երեւանցիներին վերադարձված այդ հողամասի արժեքը կրկնապատված կամ նույնիսկ եռապատկված է լինելու, քանի որ հողամասի արժեքին ավելանալու է դրա վրա կառուցված շենքերի արժեքը: Հետեւաբար Հիմնադրամը մեր համաքաղաքացիներին ցանկանում է տալ  շատ ավելին քան կառուցապատման համար հատկացվող հողամասի արժեքն է: Ի վերջո, մեր համոզմամբ, հին Երեւանի պատմական դեմքը եւ ճարտարապետական ոգին դրամական գնահատական չի կարող ունենալ, այն անգին է: Հենց այդպիսի մտայնությամբ են ընտրվել նաեւ բարեգործական ծրագրերի իրականացման վայրերը` Կոնդում Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարող տարածքը եւ Ձորագյուղ ազգագրական թաղամասում` Սբ. Սարգիս եկեղեցու մերձակայքը:

• Հիմնադրամին տրամադրված հողամասի վրա որեւէ տուն չկա եւ այդ հողամասը պատկանել է ոչ թե որեւէ անձի կամ կազմակերպության` այլ Երեւան քաղաքին: Տրամադրված հողամասի վրա նախատեսվում է հենց շրջակայքի բնակիչների համար կառուցել Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից համայնքային կենտրոն,  որը օժտված է լինելու հասարակական, մշակութային, կրթական գործունեության, համար անհրաժեշտ գրասենյակներով, հանդիպումների սրահներով եւ այլ հարմարություններով: Ավելին, հիմնադրամի հոգոբարձուների խորհրդի անդամները Կոզեռնի բնակիչներին արդեն առաջարկել են հանդիպել, լսել նրանց մտահոգությունները եւ բացատրել, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը նախատեսված են Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից բնակվող երեւանցիների` հատկապես երիտասարդության  եւ տարեցների համար 

Անշուշտ, եթե Կոզեռնի բնակչության մեծամասնությունը արդյունքում շարունակի դեմ լինել իրենց համար նախատեսված հանրային կենտրոնի կառուցմանը, Հիմնադրամը կդիտարկի բարեգործական ծրագիրը Երեւանի քաղաքի այլ համայնքում կենսագործելու հարցը` ի շահ այլ համայնքի բնակիչների:

Կարծում ենք վերոգրյալը բավարար պետք է լինի Հիմնադրամի գործունեության վերաբերյալ պատկերացում կազմելու եւ հնչած անհիմն ենթադրություններին վերջ դնելու համար: «Երեւան իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Արմեն Սարգսյանը պատրաստ է Երեւան վերադառնալուց հետո ընդունել Կոզեռնի բնակիչներին եւ անձամբ պատասխանել նրանց հուզող հարցերին»: