Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին կառավարության նիստում, ուշադրություն դարձնելով երկրում բնակշինարարության անկման միտումներին, միաժամանակ նշել է բարձրակարգ բնակարանների պահանջարկի կրճատման մասին:

Նրա խոսքով՝ այժմ պահանջված են էկոնոմ դասի բնակարանները, սակայն դրանց առաջարկը սահմանափակ է: Շարունակելով թեման, վարչապետը նշել է, որ հիփոթեքային վարկավորման զարգացման արգելք է մասնավոր ֆինանսական հաստատությունների կողմից պահանջվող նախնական բարձր վճարը: Խնդրի լուծման համար պետությունը համաձայնել երաշխավորել վարկի գումարի 30% կանխավճարը (մինչեւ 25 մլն դրամ), սակայն այս ծրագրին կմասնակցեն միայն պետական ծառայողները:

Այն, որ Հայաստանում շինարարությունը, առավել եւս բնակարանային, հետճգնաժամային տարիներին կրճատվել է, հայտնի է բոլորին: Պատճառները բավական շատ են, սակայն նշենք մի քանիսը. նախ, մինչճգնաժամային տարիներին բնակշինարարության ծավալները թույլ են տվել բավարարել հասարակության ապահով հատվածի պահանջներն ու ցանկությունները: Նշենք, որ մեր հարուստները գրեադասեցին առանձնատները, քան էլիտար բնակարանները: Կոմերցիոն նպատակների ձախողման փայլուն օրինակ է Հյուսիսային պողոտան: Երկրորդ, մեզ մոտ վաղուց կանգ է առել սոցիալական վերելակը. անապահով ընտանիքների զանգվածային անցումը ապահով շերտ չի կայացել՝ չնայած աղքատության հաղթահարման ուրախալի ցուցանիշներին: Ուստի դժվար թե գնորդների թիվը համալրվի նոր «կադրերով»:

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկավորմանը, ապա խնդիրները կապված են ֆինանսական ռեսուրսների «ինքնարժեքի» հետ: Որպես կանոն, տարեկան հիփոթեքային սանդղակը է գերազանցում է 10 տոկոսով: Կան հազվագյուտ բացառություններ, երբ առեւտրային բանկերը, օգտագործելով արտաքին ֆինանսական միջոցներ, առաջարկում են նշվածից մի փոքր ցածր վարկային տոկոս, օրինակ, 9.5 տոկոսով: Սակայն, տվյալ դեպքում, վարկի առավելագույն գումարը կրճատվել է մինչեւ 11.2 մլն դրամ: Որպես տեղեկություն. այս տարվա հուլիսին Երեւանի համար ստանդարտ բնակարանի(մոտ 63 քմ) միջին շուկայական գինը Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում կազմել է 15.2 մլն: Սա մայրաքաղաքում,ամենացածր միջին գինն է՝ բացառությամբ ծայրամասային Նուբարաշենի:

Ընդ որում, զարգացած երկրներում հիփոթեքային վարկավորման պայմանները բավական բարենպաստ են մեր ցուցանիշների համեմատ: Սակայն որոշ երկրներում հետճգնաժամային ժամանակահատվածում ռիսկերի նվազեցման համար ավելացել է կանխավճարի չափը՝ մինչեւ 30-40 տոկոսով: Սակայն տարեկան մարումը ցածր է՝ 3.4 տոկոս, 30 տարի մարման ժամկետով(մեզ մոտ սովորաբար մինչեւ 15 տարի): Այդ պայմանների շնորհիվ այդ երկրներում անշարժ գույքի շուկան դարձյալ հաջողությամբ զարգանում է: Ալբերտ Խաչատրյան