«Մոսկովսկի կոմսոմոլեցի» թղթակից  Ալեքսանդր Մինկինը ներկա է գտնվել հայ անվանի դերասան Սոս Սարգսյանի հուղարկավորությանը: Ափսոսանք  հայտնելով, որ հուղարկավորությունը չի ցուցադրվել  ռուսական հեռուստատեսությամբ՝ Մինկինը նշում է, որ միգուցե լավն էլ դա էր:

«Հեռուստադիտողների մեջ կարող էին անպետք մտքեր ծագել»: Լրագրողը հիշեցնում է, որ այսօր հոկտեմբերի 2-ն է՝  Սոս Սարգսյանի  մահվան յոթերորդ օրը:

«Դագաղը տարել են բազմահազարանոց հրապարակ, որտեղ դիակառքն էր սպասում: Ամբոխը ծափահարում էր: Դագաղը մեքենան չդրեցին, ձեռքերի վրա էին տանում: Դատարկ մեքենան որոջ ժամանակ ընթանում էր առջեւից: Ինչ-որ մեկը երեւի մտածում էր՝ պետք կգա...

Մոտ մեկուկես ժամում նրան Օպերայի մոտից հասցրեցին Պանթեոն: Ամբողջ ընթացքում ամբոխը ծափահարում էր: Ամբողջ ընթացքում թաղման թափորի հետ քայլում էին Հայաստանի նախագահը, կառավարության անդամները: Կիզիչ արեւի տակ՝ սեւ կոստյումներով: Վեց կիլոմետր», - գրում է նա եւ հարցնում.  «Ռուսաստանում ո՞վ պետք է մահանա, որ մեր նախագահը ժամից ավելի դագաղի հետեւից քայլի: Եթե նա գնա, պատուհանները կփակեն, դիտահորերը կբացեն, մարդկանց կճնշեն, ավելի շուտ՝ ՕՄՕՆ-ականների շղթայով կպատնեշեն, քաղաքը կդատարկեն»:

Հետո լրագրողը նկարագրում է, որ երբ չի կարողացել Երեւանի տոմս գտնել, մտածել է, որ Հայաստան է թռչում մշակույթի նախարարության, կինեմատոգրաֆիստների միության եւ թատերական գործիչների միության պատվիրակությունը: Սակայն արդեն Երեւանում հուղարկավորության ժամանակ պարզվեց, որ տոմսերի բացակայության պատճառը այլ էր, իսկ Ռուսաստանից ոչ ոք չէր եկել հրաժեշտ տալու ԽՍՀՄ արտիստին: Ոչ պաշտոնյաներ, ոչ ստեղծագործական միությունների անդամներ. «Հնարավոր չէ հավատալ, որ եթե չլիներ «ՄԿ» լրագրողը, ապա Սոս Սարգսյանի հուղարկավորությանն առհասարակ ռուսական խոսք չէր հնչի»:

«Ռուսների ականջի համար Սոս անունը ծիծաղելի է: SOS՝ փրկեք մեր հոգիները, տագնապի ազդանշան է, որն ընդհանուր է մարդկության համար:

Ռուսաստանում հոգեհանգիստը կազմակերպում են իններորդ օրը: Հոգեւորականները բացատրում են, որ այդ ամբողջ ընթացքում հոգին բարձրանում է Աստծու մոտ, պետք է աղերսել, որպեսզի օգնի նրան: Հայաստանում հոգեհանգիստը կազմակերպում են յոթերորդ օրը: Միթե լեռներում ճանապարհը երկու օրով կարճ է»,-գրում է Ալեքսանդր Մինկինը: