Անկարան չի ուղարկելու իր դեսպանին Վաշինգտոն այնքան ժամանակ, քանի դեռ Օբամայի կառավարությունն ու Կոնգրեսը մեզ չհասկացնեն, որ իրենք չեն դատելու Թուրքիայի պատմությունը: Այդ մասին, ինչպես գրում է «The Washington Post»-ը, մարտի 24-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Մենք չենք կարող ընդունել որոշումը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, որոնք չգիտեն պատմությունը»,- պատասխանել է Դավութօղլուն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը երկու պայման է առաջ քաշել, որոնց դեպքում հնարավոր է Նամըք Թանի վերադարձը Վաշինգտոն: Առաջին հերթին, վարչակազմն ու Կոնգրեսը պետք է ձեռնպահ մնան Թուրքիայի պատմության վերաբերյալ որոշումներ ընդունելուց, եւ երկրորդ. երկրները «պետք է պայմանավորվեն ռազմավարական միության զարգացման շուրջ»:
Հիշեցնենք, որ Անկարան հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Նամըք Թանին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից հետո:



























