Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների գագաթաժողովին: Լիտվայի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Երեւանի՝ վիլնյուսյան գագաթաժողովին բարձրագույն մակարդագով ներկայացված լինելու մտադրության մասին Սեյմի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին տեղեկացրել է Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը:
Ըստ դիվանագետի՝ նախքան վիլնյուսյան հանդիպումը Երեւանը «կձգտի հասնել ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության ամրապնդման, որը կնպաստի ավելի լավ փոխըմբռնմանը»: Նա նշել է, որ Վիլնյուսում Հայաստանը հույս ունի «ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ եռամյա բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացն ամրագրող» բանաձեւ ստորագրել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ԵՄ-ի խորհրդում նախագահող Լիտվան սկզբնապես ենթադրում էր, որ Վիլնյուսի գագաթաժողովում ազատ առեւտրի մասին համաձայնագիր կստորագրվի Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ, ինչպես նաեւ այդ փաստաթղթերը կնախաստորագրվեն Մոլդովայի, Վրաստանի եւ, հնարավոր է, Հայաստանի հետ: Սեպտեմբերին Հայաստանը ԵՄ-ի համար անսպասելի հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, որն անհամատեղելի է ազատ առեւտրի մասին պայմանագրի հետ:





























