Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը հարկադրված քայլ էր, քանի որ մինչ այդ պաշտոնական Երեւանը մի քանի տարի բանակցում էր ԵՄ հետ: Այս մասին հոկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը:
Քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանի եւ ԵՄ բանակցությունները եւ եվրոպական ինտեգրման հեռանկարները Ռուսաստանի «սրտով չէին», ինչի արդյունքում Մոսկվան ստիպեց Երեւանին հայտարարել Մաքսային միությանն անդամակցելու մասին:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու դրական եւ բացասական կողմերի մասին, ապա, քաղաքագետի խոսքով՝ տվյալ պահին ոչ ոք պատկերացումներ չունի այդ քայլին դիմելուց Հայաստանի ստանալիք շահույթի մասին. «Մաքսային միության երկրների հետ ընդհանուր սահման չունենալով՝ դժվար է պատկերացնել, թե Հայաստանին տնտեսական ինչ շահույթ է սպասվում: Ինքնին Մաքսային միությանն անդամակցելը քաղաքական որոշում է, այլ ոչ տնտեսական; Այնկհանգեցնի Եվրասիական միության ստեղծմանը»:
Ինչպես Բոզոյանն է ընդգծել, ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է փորձի պահպանել բարի դրացիական հարաբերությունները ԵՄ երկրների հետ եւ շարունակել ռազմավարական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ. «Մեղմ ասած՝ Հայաստանը, ելնելով անվտանգության նկատառումներից, չէր կարող գերապատվությունը ԵՄ-ին տալ: Սակայն Հայաստանը կարող էր մանեւրել՝ ոչ մի կառույցին չանդամակցելով, այդ կերպ ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության կղզյակ դառնալով»:





























