Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2024 թվականի ամռանը գաղտնի հանդիպել է իսրայելական հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակցի հետ, որը ծառայությունից հեռանալուց հետո աշխատել է Կատարի՝ Իսրայելում ազդեցության ուժեղացման արշավի համար, հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը։
Աղբյուրի տվյալներով, հանդիպումը տեղի է ունեցել արդեն 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Իսրայելի վրա հարձակումից հետո, երբ Գազայի հատվածում պատերազմը շարունակվում էր։
Նախկին հետախույզը, որի անունը չի բացահայտվում և նշվում է եբրայական այբուբենի առաջին տառով՝ «շին», ստացել է «Մոսադի արքայազն» մականունը։ Ինչպես պնդում է հեռուստաալիքը, հանդիպման ընթացքում նա Նեթանյահուին խնդրել է ազդել իշխող «Լիկուդ» կուսակցության մի քանի նախարարների վրա, որոնք հրապարակայնորեն քննադատում էին Կատարին։ Խոսքը վերաբերում էր սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Շիկլիին, էկոնոմիկայի նախարար Նիր Բարկատին և ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերին։
ԶԼՄ-ների տվյալներով, հանդիպումը թաքցվել է իսրայելական իշխանությունների մյուս ներկայացուցիչներից, այդ թվում՝ այն ժամանակվա «Մոսադ»-ի ղեկավար Դավիդ Բարնեայից։ Այն նաև չի արտացոլվել պաշտոնական արձանագրություններում։
Ավելի վաղ հետախուզության նախկին աշխատակիցը, ըստ հրապարակման, կազմակերպել էր Նեթանյահուի երկու ամենամոտ օգնականների՝ Իսրայել Այնհորնի և Յոնաթան Ուրիխի հանդիպումը կատարցի բարձրաստիճան դիվանագետ Ալի ալ-Թավադիի հետ, որը մոտ է Կատարի էմիրին։ Այնհորնն ու Ուրիխը որպես կասկածյալ են անցնում «Կատարգեյթ» անունը ստացած գործով։
Լուրջ հանցագործությունները քննող Լահավ 433 ոստիկանական ստորաբաժանման քննիչները Ուրիխին հարցաքննել են Նեթանյահուի և նախկին հետախույզի հանդիպման կազմակերպման վերաբերյալ։ Ուրիխը հայտարարել է, որ նման խնդրանք չի հիշում՝ հավելելով, որ «շինին» իր օգնությունը պետք չէր, որպեսզի ընդունելության մտներ վարչապետի մոտ։
Մարտի 31-ին Նեթանյահուն երկու ժամ հարցաքննվել է Ուրիխի՝ «Կատարգեյթին» և մեկ այլ քննությանը հնարավոր առնչության կապակցությամբ՝ Գերմանիայի Bild թերթին գաղտնի տեղեկություններ փոխանցելու վերաբերյալ։ Ուրիխը ներգրավված է նաև այս գործում։ Մայիսին ոստիկանությունը կրկին հարցաքննել է նրան նախկին հետախուզական աշխատակցի հետ կապված գործով և այդ ժամանակվանից փորձում էր հասնել վարչապետի կրկնակի հարցաքննությանը, սակայն նա չի համաձայնել, հայտնում է 12-րդ ալիքը։
Ինքը՝ Նեթանյահուն, կասկածյալի կարգավիճակ չունի ոչ «Կատարգեյթ» գործով, ոչ էլ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի գործով։ Այնուամենայնիվ, երկու քննություններն էլ դարձել են նախընտրական արշավի նկատելի թեմաներ՝ երեքշաբթի նշանակված քվեարկությունից առաջ։





























