Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը քիչ  հավանական է, քանի որ այդտեղ շատերի շահերն են բախվում:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում, հայտարարել է արտակարգ եւ լիազոր դեսպան, «Diplomat.am» կայքի ղեկավար Արման Նավասարդյանը՝ խոսելով Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգից  նշված օրինագիծը հանելու հավանականության մասին: 

Ըստ նրա համոզման՝ ինչպես Նիկոլա Սարկոզիի, այնպես էլ ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից  լավ մշակված դիվանագիտական  խաղ է տարվում: «Ստամբուլ-Երեւան-Փարիզ եռանկյունում Սարկոզին կարողացավ հիանալի խաղաքայլեր կատարել: Ես չեմ ցանկանումհոռետեսական հայտարարություններով հանդես գալ, սակայն չեմ էլ հավատում, որ վաղն այդ օրենքը կարող է ընդունվել», - նշել է Արման Նավասարդյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ դա չպետք է ազդի հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա: 

Մամուլի ասուլիսի մյուս բանախոս, արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշել է.  «Ես նույնպես չեմ կարծում, որ այդ օրինագիծը հանելը որեւէ կերպ կազդի հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա, քանի որ դրա նախաձեռնողը Ֆրանսիայի հայ համայնքն է»: Ըստ նրա՝ ճիշտ կլինի, որպեսզի  Ֆրանսիան պատասխանատվության եւ գույքի փոխհատուցման հարց դնի, ոչ թե Ֆրանսիա-Թուրքիա միջպետական հարաբերությունների վրա ազդելու փորձ արվի: