Հարավային Օսիան մտադիր է ընդգրկվել Ռուսաստանի հետ միասական տնտեսական տարածքում, հնարավոր համարելով անդամակցումը Մաքսային միությանը: Այս մասին հայտարարել է այդ հանրապետության ղեկավար Լեոնիդ Տիբիլովը՝ հանդես գալով նախարարությունների եւ պետական կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած նիստում, որին ներկա է եղել նաեւ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը:
Տիբիլովի խոսքով՝ այս թեման քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Հարավային օսիան առաջնահերթ է համարում Մաքսային միությանն անդամակցումը եւ Ռուսաստանի հետ միասնական տնտեսական տարածքում ընդգրկվելը»,-հայտարարել է նա:
Սուրկովը նաեւ վստահեցրել է, որ Ռուսաստանը հետագայում եւս կօգնի Հարավային Օսիայյին՝ հույս հայտնելով, որ դա արդյունավետ համագործակցություն կլինի:
Միաժամանակ, ըստ «Ռոսբալտի», Մաքսային միության անդամ հանդիսացող Բելառուսն ու Ղազախստանը Հարավային Օսիան չեն համարում ինքնուրույն պետություն: Հարավային Օսիայի նախագահը խոստովանել է, որ այդ հանգամանքը Մաքսային միության անդամակցության հարցում խոչընդոտ կարող է լինել:
Սուրկովը հոկտեմբերի 15-ին այցելել է Հարավային Օսիա եւ երկու հանդիպում ունեցել այդ հանրապետության ղեկավարության հետ, որոնց մասնակցել են նաեւ Հյուսիսային Օսիայի ղեկավար Թեյմուրազ Մամսուրովը եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռաշիդ Նուրգալիեւը:





























