Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին:
Հանրապետության նախագահը կարեւորել է մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվող անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը եւ նկատի առնելով ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը, ընդգծել է այդ ուղղությամբ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլոր ժամանակներում անվտանգությանն սպառնացող դրսեւորումների դեմ պայքարի հարցերը մշտապես եղել են պետությունների ուշադրության կենտրոնում, եւ այդ առումով, նման կառույցների աշխատանքը մշտապես արդիական ու չափազանց կարեւոր է: Նախագահի համոզմամբ, ինչպես այս, այնպես էլ տարբեր ոլորտներում երկրների միջեւ համագործակցությունն զգալիորեն նպաստում է նաեւ միջպետական կապերի սերտացմանն ու ժողովուրդների միջեւ բարեկամության առավել ամրապնդմանը:
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանի խնդրանքով, հյուրերը ներկայացրել են խորհրդի ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները:
Խորհրդի նախագահ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այնպես էլ Ծաղկաձորում արդյունավետ է համարել՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում անվտանգությանն սպառնացող արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության եւ բազմաթիվ այլ վտանգավոր երեւույթների դեմ պայքարում փոխգործակցությունը խորհրդի շրջանակներում դինամիկ զարգանում է: Նա կարեւորել է նաեւ երկրների միջեւ փորձի փոխանակումը, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:
Հանդիպման ավարտին նախագահը հաջողություններ է մաղթել խորհրդին հետագա աշխատանքում:






























