Թուրքիայի առաջընթացի առթիվ Եվրահանձնաժողովի զեկույցը ԵՄ-ի ուղերձն է թուրքական իշխանություններին առ այն, որ անհրաժեշտ է իրական հետաքրքրվածություն ցուցաբերել բարեփոխումների իրականացման հարցում: Այս մասին հոկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Ըստ նրա՝ զեկույցում հիմնականում դրական գնահատականներն են գերիշխում: «Վերջին երկու տարիներին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց համար ԵՄ-ն միակ ընտրությունը չէ, եւ իրենք իրական քայլեր են ձեռնարկում Համագործակցության Շանհայի կազմակերպության, BRICS-ի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ», - նշել է Տեր-Մաթեւոսյանը: Նա ընդգծել է, որ Թուրքիան կարեւոր տնտեսական գործընկեր է ԵՄ-ի համար: «Իսկ վերջին զեկույցով եվրոպական կողմը ցույց է տալիս, որ բնավ մտադիր չէ իր վրա վերցնել Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ամբողջ մեղքը», - եզրակացրել է փորձագետը:

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր իր հերթական՝ 16-րդ զեկույցը Թուրքիայի վերաբերյալ: