Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը կայացել է ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որտեղ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լուիզա Ղամբարյանը (Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն), իսկ «Լավագույն երիտասարդ դերասան» է դարձել Թեմուր Աճինյանը (Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոն):
Տարվա «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգը շնորհվել է Լյուդվիգ Հեքիմյանին` «Ինչու էսպես չարացանք» և Նունե Խեչումյանին` «Մետաստազ» ներկայացումների համար:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգը կիսել են Դավիթ Հարությունյանի «Վերջին ուսուցիչ»-ը և Գրիգոր Խաչատրյանի «Ֆանտոմային ցավեր»-ը:
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգը տրվել է Մերի Սարգսյանին` «Տասներկուերորդ գիշեր», իսկ «Լավագույն պիես»-ը` Արա Երնջակյանին` «Հոբելյանական հաճախորդը» ներկայացումների համար:
Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի է ճանաչվել Քրիստինե Հովակիմյանը` Հ. Մալյանի անվան թատրոնից, իսկ դերակատարը` Գեորգի Հովակիմյանը` Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնից:
«Լավագույն կին դերակատար» անվանակարգը շնորհվել է Գոհար Իգիթյանին (Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), իսկ լավագույն տղամարդ դերակատարներ են ճանաչվել Աշոտ Ադամյանը (Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն) և Դավիթ Հակոբյանը (Համազգային թատրոն):
Այս տարվա լավագույն ռեժիսորները երկուսն էին` Հրաչյա Ղազարյանը «Մի գնա բարկացած» և Նարինե Մալյանը «Պատմություններ գնացքում» ներկայացումների համար: Լավագույն ներկայացումները Երվանդ Ղազանչյանի «Տասներկուերորդ գիշերն» ու Նիկոլայ Ծատուրյանի «Փրկության կղզին» էին:



























