Իտալական Corriere del Mezzogiorno թերթում հոկտեմբերի 24-ին տպագրվել է «Պատերազմի վայրում. Կոռեյայի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կատարած ճամփորդության հետքերով» հոդվածը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

«Երբ ասում ենք Հայաստան, հասկանում ենք ոչ միայն պատմություն, որը տեսել է պատերազմներ ու ցեղասպանություններ, այլ նաեւ քրիստոնեության եւ հոգեւոր արժեքների բնօրրան: Պուլիա շրջանը ինչ-որ  ձեւով կապ ունի Հայաստանի հետ: Օրինակ Նարդո քաղաքի սուրբ-հովանավորը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է: Կարեւոր դեր ունեն նաեւ սուրբ Գեւորգը եւ սուրբ Անդրեասը: Նրանց են նվիրված եկեղեցիներ Տարանտո եւ Բարի քաղաքներում: Դարեր ի վեր այս երկու ժողովուրդները համագործակցել են` փոխանակելով եւ´ փորձ, եւ´ գիտելիք. օրինակ, Իտալիայում գորգագործության տարածման մեջ անհամեմատ մեծ է հայ ժողովրդի ներդրումը:

Երեւանը սպասում էր մեզ, քանի որ արդեն բազմիցս մոտեցել էինք նրան մեր` Վրաստան, Թուրքիա եւ Իրան կատարած այցերով, հարավարեւելյան եւ կովկասյան մշակույթների հետ մեր շփումներով: Այդ օրերին Երեւանում տոնում էին քաղաքի 2795-երորդ տարեդարձը: «Քաղաքը հիմնվել է Հռոմից շուտ»` հպարտորեն ասում են հայերը: Քաղաքի տոնական զարդարանքները, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Բուլղարիայի հավաքականի նկատմամբ, մարդաշատ սրճարաններն ու ռեստորանները, ավանդական երաժշտությունն ու պարերը միջավայրը դարձնում էին կյանքով լի:

Ինչպես միշտ ներկայացումն արժանանում է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու  հավանությանը` անգամ այն մարդկանց, ովքեր չէին հավատում, որ ներկայացումը կկայանա: Հանդիսատեսը վերջում շատ հետաքրքրված էր ներկայացման նորամուծություններով. բոլորը ցանկանում էին խոսել դերասանների հետ եւ վերցնել նրանցից ստորագրություններ: Սրահում կային նաեւ բազմաթիվ լրագրողներ:

...Վերջանում է հերթական օրը: Կրկին հավաքում ենք ճամպրուկները. առավոտյան մեկնում ենք Ստեփանակերտ` Արցախի մայրաքաղաք: Երեւանից Ստեփանակերտ ճանապարհը բավականին երկար է, որը հետեւում է թողնում ալեհեր Արարատը: (Այստեղ է  իջել Նոյը իր տապանով որի բեկորները մինչ օրս կորած են լեռան վրա):

Հայաստանում լեռներն ասես կյանքի եւ աշխարհի խորհրդանիշ լինեն: Դրանք ամեն ուր են, ամբողջ ճանապարհի երկայնքով: Հմայվում ենք ճանապարհով, միջավայրի գեղեցկությամբ: Դադար ենք վերցնում Տաթեւի վանական համալիրում` դարերի ընթացքում ավերված, բայց կանգուն: Վանք հասանք աշխարհի ամենաերկար ճոպանուղով, որը ներքեւում է թողնում Տաթեւի աննկարագրելի կիրճը: Սահմանին դեռ չէինք հասել, երբ լեռների գույնի փոփոխվելուց գլխի ընկանք, որ մոտենում ենք Արցախին. չոր դեղինը փոխվում է փարթամ կանաչի. այստեղ բերրի հողը ծնում է համեղ մրգեր: Առեղծվածայինի ու հոգեւոր արժեքների համադրության մի երկիր է Արցախը: Այստեղ ապրում  են հրաշալի եւ արհեստավարժ գորգագործներ:

Ստեփանակերտում էլ շատ կարճ ժամանակում հավաքվում է երեք հարյուրից չորս հարյուր հանդիսատես, ով ականատես ու, ինչու չէ, մասնակիցն է լինում Կոռեյայի հերթական ներկայացմանը:

Կոռեայի ճամփորդությունն ավարտվում է Շուշի քաղաքում: Քաղաք, որը շատ է տուժել Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով: Այդ բլրի վրայից ադրբեջանցիները ռմբագոծել են Ստեփանակերտը, եւ որոշ հին կառույցների վրա դեռ երեւում են ռումբերի հետքերը: Իրական պատերազմ՝ տեղի ունեցած մի հողի վրա, որն ադրբեջանցիներն իրենցն են համարում, բայց որը միշտ էլ բնակեցված է եղել հայերով:

Ցեղասպանություններից ու հակամարտություններից գոյատեւելու համար հայերի լավագույն զենքն են եղել գրքերը, թատրոնը, արվեստն ու կրոնը: Դա երեւում է նաեւ Շուշիի թանգարանում, որտեղ գտնվում են արվեստի շուրջ չորս հազար գործեր, որոնք վկայում են հայերի պատմությունը»: