Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 29-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի` Ռիգստագի հայազգի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Իզաբել Դինգիզյանին:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աբրահամյանը բարձր է գնահատել պատգամավորի մասնակցությունը Շվեդիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունմանը եւ ի դեմս նրա շնորհակալություն հայտնել Ռիգստագի նախագահին ու բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտելը եւս մեկ քայլ է ապագայում աշխարհում նման հանցագործությունները կանխելու համար:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար` Իզաբել Դինգիզյանը նշեց, որ բանաձեւի ընդունումը Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության սկիզբն է, եւ ինքը պատրաստ է նպաստել այդ համագործակցության զարգացմանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է հայ-շվեդական բարեկամության պատգամավորական խումբ, եւ ցանկալի կլինի նման խմբի ստեղծումը նաեւ Շվեդիայի խորհրդարանում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:




























