Թուրքիայում ակտիվանում է ռազմական գործողությունները PKK-ի զինյալների դեմ: Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող գործողությունների հետ մեկտեղ թուրքական զինուժի լավագույն պատրաստություն անցած եւ միայն պրոֆեսիոնալ զինվորականներից բաղկացած ուժերը լայնամասշտաբ ցամաքային եւ օդային ռազմական գործողություններ են սկսել Թունջելիի (Դերսիմ) Զել լեռան լանջերին, Ռոժ կիրճի հատվածում:
Թուրքական Iha-ի փոխանցմամբ` ռազմական գործողությունների վայրում են հայտնվել մի խումբ լեռնագնացներ, ովքեր հետեւել են ռազմական գործողություններին:
4-րդ հատուկ նշանակության բրիգադին պատկանող Sikorsky ուղղաթիռները գործողությունների վայր են նետել ժանդարմերիայի եւ հատուկ նշանակության զորամիավորումների մարտիկներին: Ռազմական Kobra ուղղաթիռները ակտիվորեն հրթիռակոծում են հավանական թիրախները:
Ներկայումս մարտական գործողությունները տվյալ հատվածներում շարունակվում են:




























