Հայաստանում դեղերի ժամկետի, որակի եւ գների ու նրանց հասանելիության հետ կապված, իրոք, խնդիրներ կան։ Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Նրա հաղորդմամբ, հենց այս խնդիրներին լուծում տալու համար առողջապահության նախարարությունը մշակում է նոր օրինագիծ, որը կառավարության քննարկմանը կներկայացվի մինչեւ տարեվերջ։
Բաբլոյանի խոսքով, գործող օրենսդրությամբ, արգելվում է ժամկետանց դեղերի վաճառքը տեղական շուկայում, եւ ավելի է խստացվում վերահսկողությունը դրանց որակի հանդեպ։
Ընդ որում, նա նշեց, որ պետությունն ի վիճակի չէ կանոնակարգելու բոլոր տեսակի դեղերի գները, եւ ճիշտ կլիներ սկսել այդ գործը հիմնական, ցանկում ընգրկված մոտ 300 անուն դեղորայքներից։
«Ցանկում հիմնականում ընդգրկված են այնպիսի դեղեր, որոնց օգտագործումը կարող է ծածկել մեր առողջապահական խնդիրների 80 տոկոսը»,- ասաց նա։
Նոր օրենքը խստացնելու է դեղորայքի շուկայում վերահսկողությունը, ինչպես նաեւ սահմանելու է պատժի միջոցները, որոնք կկիրառվեն այս կամ այն խախտումի դեպքում։




























