Երկօրյա պաշտոնական այցով Անկարա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո մասնակցել է համատեղ մամլո ասուլիսին:
Էրդողանը նախ ցավակցություն է հայտնել Մոսկվայում ահաբեկչության զոհերի հարազատներին, ապա նշել, որ Մերկելի հետ հանդիպումը արդյունավետ է անցել: Անգելա Մերկելը իր հերթին եւս ցավակցություն է հայտնել:
Գերմանիայի կանցլերն անդրադարձել է վեջին շրջանում խոսակցության առիթ դարձած Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու թեմային` հայտնելով, որ Գերմանիայում կարող են թուրքական դպրոցներ բացել, սակայն այն պայմանով, որ դա առիթ չհանդիսանա գերմաներեն չսովորելու համար:
Անգելա Մերկելն անդրադարձել է նաեւ Իրանի խնդրին, նշելով, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց չի գրանցվում եւ առաջիկայում Իրանի կողմից քայլեր չարվելու դեպքում` համապատասխան որոշում կկայացվի: Իսկ ահա Էրդողանը դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն, քանի որ Թուրքիայի հետ Իրանն ունի 380 կմ երկարությամբ սահման, Էներգետիկ ոլորտում իր երկրորդ գործընկերն է եւ կա հարյուրավոր տարիների բարեկամություն:




























