Մարտի 29-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած հայերի վիճակը բավարար է, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է Ռուսսաստանում ՀՀ դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը: Նրա խոսքով, պայթյուններից վիրավորված երկու հայ կանայք ստացել են բեկորային վնասվածքներ: «Հասմիկ Ժորայի Մարտիրոսյանը (ծնված 1992 թվականին), ով բեկորային վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում, այժմ գտնվում է քաղաքային թիվ 36 հիվանդանոցում: Երկրորդ կինը` Աննա Հովհաննեսի Փորքաշյանը (1955թ) գտնվում է թիվ 64 քաղաքային հիվանդանոցում` ոտքի շրջանում ստացած վնասվածքներով»,- ասել է նա:

Դեսպանատան տվյալներով, տուժածները Հայաստանի քաղաքացիներ չեն. «Նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, սակայն ՀՀ դեսպանատան համար դա ոչ մի նշանակություն չունի: Մենք ամեն տեսակի օժանդակություն կտրամադրենք մեր հայրենակիցներին»:

Ինչ վերաբերում է զոհերին, ապա Մինասյանի խոսքով, դեռ կոնկրետ տվյալներ չկան, քանի որ շատ զոհերի մարմիններ դեռ ճանաչված չեն: Ներկա պահին հաջողվել է ճանաչել 22 զոհերի մարմինները եւ նրանց շարքում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք, որ մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի «Լյուբլյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ են որոտացել, որի արդյունքում զոհվել է 38 մարդ: Ահաբեկչությունն իրականացրել են մահապարտ կին ահաբեկիչները: