ՀԱՊԿ-ի ԽՎ մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում մեկ տասնյակից ավելի հարցեր են քննարկվել, որոնք հիմնականում վերաբերել են պաշտպանությանն ու անվտանգությանը, կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությանը, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը:
Հարցերն առնչվել են նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանն ու սերտացմանը: Այս մասին հոկտեմբերի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Պետդումայի Անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի անդամ Անատոլի Վիբորնին՝ ամփոփելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի առաջին օրվա արդյունքները:
Իր հերթին ՀԱՊԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի համակարգող, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշել է, որ հիմնականում քննարկումներն ուղղված են եղել Կովկասում ռազմաքաղաքական իրադրության ուսումնասիրմանը, եւ այդ համատեքստում դիտարկվել են տարածաշրջանի եւ առաջին հերթին Հայաստանի ազգային անվտանգության վրա ազդող բոլոր հնարավոր միջտարածաշրջանային եւ տարածաշրջանային գործոնները: «Քննարկման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են տարածաշրջանում սպառազինությունների կուտակման մակարդակը, ռազմականացման գործընթացը, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքները», - ասել է Հարությունյանը:
Ըստ նրա՝ քննարկվել են ԽՎ-ի դերի աշխուժացման ուղղված որոշ խնդիրներ: Նիստի մասնակիցները եզրակացրել են, որ ՀԱՊԿ ԽՎ-ի ձեւաչափը պետք է նոր ազդակ ստանա: «Մասնավորապես, դիտարկվել է այն հարցը, որ կայանալիք նիստում պետք է առաջարկություն ներկայացնել՝ հանդես գալ հիմնախնդիրները ուժի կիրառմամբ լուծելու բոլոր փորձերը կանխելու մասին հայտարարությամբ, առավել եւս, որ դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Կպատրաստվի տեղեկանք, որը ՀԱՊԿ ԽՎ-ին կներկայացվի այս տարվա նոյեմբերին»:




























