Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հոկտեմբերի 30-ին Պուսանում  Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ վեհաժողովի բացմանը կոչ է արել  օգնել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին:

Այս թեման շոշոփել են նաեւ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարը, խոշոր միջքրիստոնեական կազմակերպություններ, ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Օլաֆ Թվեյթը եւ վեհաժողովի մի շարք մասնակիցներ, որոնք ելույթ են ունեցել առաջին օրը:

Աշխարհի տարբեր կետերում քրիստոնյաների հալածանքների խնդրին հատուկ ուշադրություն է  դարձնում նաեւ Ռուսական ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը`  Իլարիոն Վոլոկոլամսկու գլխավորությամբ, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք խորապես ցնցված ենք մեր խաչակից եղբայրների եւ քույրերի սարսափելի տառապանքներից: Վերջին տարիներին մենք ավելի հաճախ ենք ականատես դառնում ծայրահեղականների կողմից նրանց հալածանքներին (եւ երբեմն` իշխանությունների անտարբերության պատճառով) այն բանի համար, որ իրենք քրիստոնյա են  (…): Մերձավոր Արեւելքում բռնության ենթարկվող քրիստոնյաները վկայում են  մեր օրերում նահատակության մասին: Մեր ուժերում է, մեր հայրենի երկրներում եւ այս վեհաժողովում միավորել մեր ձայները եւ գործողությունները` բռնությունը կանխելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար», - հայտարարել է Գարեգին Բ-ն:

Ըստ նրա`առաքելական ժամանակներից քրիստոնեական համայնքները Մերձավոր Արեւելքում ապրել են խաղաղ եւ բարեբեր, քրիստոնյաները խաղաղարարների պատմական դեր են  խաղացել տարածաշրջանում:

«Մենք պետք է վճռականորեն հայտարարենք մարդու իրավունքների դոկտրինի  համընդհանրության մասին. խոսքը Սիրիայում եւ Եգիպտոսում կյանքի համար մղվող պայքարի մասին լինի, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ բնակիչների ինքնորոշման իրավունքի մասին», - նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Նա հավելել է, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ ԵՀԽ-ին ու 20-ից ավելի երկրների շնորհակալություն է հայտնել Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: