Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը հոկտեմբերի 31-ին բացվել է սգո մատյան` ի հիշատակ հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկու: Լեհ նշանավոր քաղաքական գործիչը կյանքից հեռացել է 2013թ-ի հոկտեմբերի 18-ին 86 տարեկան հասակում:
«Մեզանից հեռացել է մի մարդ, ով Լեհաստանի համար վճռական պահերին խիզախություն ուներ խելացի լինելու: Շնորհակալ ենք»,- ասել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով 2010թ-ին Տադեուշ Մազովեցկուն նշանակեց իր խորհրդական:
«Մազովեցկին մեր ազատության, անկախության հայրերից մեկն է»,- լեհական լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել է արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե սգո մատյանը բաց կլինի հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ից մինչեւ 16:00-ն Լեհաստանի դեսպանության շենքում` Երեւան, Հանրապետության 44 ա հասցեում:





























