Հայկական կողմը մերժել է Մադրիդյան նորացված սկզբունքները, քանի որ դրանք անընդունելի են հայկական կողմի համար: Այդ մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով մոտակա տարիներին քաղաքական դաշտում էական բան չի լինի: «Այս փուլում որեւէ լուրջ բան չի սպասվում, իսկ ես այնքան էլ լավատես չեմ, որ մտածեմ, թե Ղարաբաղի հարցով վերջնական պայմանագիր կկնքվի»,- նշեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ իրավիճակն այնքան լուրջ չէ, որքան այսօր փորձում են ցույց տալ:
Նախկին նախարարը նաեւ հնարավորություն չի տեսնում, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային գործընթացի մաս, քանի որ «միջնորդները գնում են Ադրբեջանի թելադրանքով: Ադրբեջանն էլ խնդիր ունի ամբողջականությունը պահելու»: Ավելին, Բաբայանը չի կարծում, թե ԼՂՀ-ի մասնակցությամբ որեւէ բան է փոխվելու:
Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սիրիայում արած հայտարարությանը՝ որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, Սամվել Բաբայանը նկատեց. «Այս փուլում խոսել փոխզիջումների մասին իմաստ չունի: Ադրբեջանը զիջումներից ընդհանրապես չի խոսում: Իսկ մենք, փոխզիջումների մասին խոսելով, դրդում ենք նոր զարգացումների»:




























