ՀԱՊԿ ԽՎ-ն մտադիր է մոտ ժամանակներս քննարկել Հայաստանի կողմից բարձրացված հարցը՝ կապված ՀԱՊԿ որոշ երկրների կողմից երրորդ երկրներին զենքի վաճառքի հետ, որոնք սպառնում են կազմակերպության տարածքին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին, ով այլ պատվիրակների հետ միասին այցելել է հայ-ադրբեջանական սահմանային հենակետ: Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում կայացել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը:
«Մենք շահագրգռված ենք, որ մեր երկրների օրենսդրությունները մոտ լինեն, որպեսզի մենք խոսենք իրար հասկանալի տերմիններով»,-ասել է նա եւ հիշեցրել, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս ՀԱՊԿ երկրների տարածքում երրորդ երկրների ռազմակայաններ տեղակայել, եթե ՀԱՊԿ անդամներից մեկը դեմ է դրան: «Որպեսզի այդպիսի էքսցեսներ չլինեն, մենք պետք է համապատասխան համաձայնագիր մշակենք ՀԱՊԿ երկրների միջեւ՝ երրորդ երկրներին զենքի վաճառքն արգելելու մասին, որոնք սպառնալիք են հանդիսանում կազմակերպության անդամներից մեկի համար եւ եթե անդամ երկրներից մեկը դեմ է դրան: Կարծում եմ, մոտ ապագայում նման հարցերը կքննարկենք, որովհետեւ հարցը բարցրացրել է Հայաստանը»,-ասել է Վիբորնին:
Իր հերթին Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրներից մեկին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ կազմակերպության համար:





























