Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումից հետո Անկարա կանչված Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորութուրքը 19 օր անց վերադարձել է Ստոկհոլմ` պարտականությունների կատարմանը:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Քորութուրքը Ստոկհոլմ մեկնելուց առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Դեսպանը նշել է, որ դիվանագիտության մեջ ընդունված է դեսպանին ետ կանչելն օգտագործել որպես բողոք, որն էլ օգտագործել է Թուրքիան՝ Շվեդիայի կողմից հայկական օրինագծի ընդունումից հետո: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչն է փոխվել, որ ետ եք վերադառնում Շվեդիա, Զերգյուն Քորութուրքը պատասխանել է. « Ֆինլանդիայում հանդիպել են Թուրքիայի եւ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարները, որի ժամանակ շվեդական կողմը նշել է, թե իրենք դեմ են այդ որոշմանը: Այնուհետ Շվեդիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետի հետ եւ ներողություն խնդրել: Ահմեդ Դավութօղլուի հետ էլ արդեն անհրաժեշտ քննարկումներ իրականացրել ենք: Այս համատեքստում արդեն պարզ է, որ ժամանակն է վերադառնալ Շվեդիա»,-նշել է Շվեդիայում Թուրքիայի դեսպանը:




























