Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Դ. Աթոյանը2008թ. օգոստոսին նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչի պաշտոնում, ում ղեկավար-դաստիարակի պարտականությունները դրվել են նույն բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Սիմոնյանի վրա:

2008թ. նոյեմբերի 25-ին «Պիոներ» գիշերային ակումբում դանակի գործադրմամբ ակումբի անվտանգության աշխատակիցներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը բաժնի պետի հրամանով հանձնարարվել է Դ. Աթոյանին: Սակայն Դ. Աթոյանը իր ղեկավար–դաստիարակ Հ. Սիմոնյանի հանձնարարությամբ նյութերում կատարել է բազմաթիվ կեղծիքներ եւ դիտավորյալ թույլ տվել քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներ: Արդյունքում` հանցագործության գործիք հանդիսացող դանակը թաքցվել է, իսկ հանցագործությունը որակվել որպես ծեծ, ապա բաժնի պետի հաստատմանը ներկայացվել փաստական աղավաղված տվյալներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Դ. Աթոյանին եւ Հ. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: