ԱՄՆ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակին այլընտրանքներ չի տեսնում։ Ադրբեջանական Trend News գործակալության հաղորդմամբ, այս մասին մարտի 30-ին հայտարարել է ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Դոնալդ Լուն:

«Խաղաղ բանակցությունները պահանջում են քաղաքական կամք երկու երկրներից էլ։ Սակայն ադրբեջանցիները պետք է վստահ լինեն, որ Միացյալ Նահանգները, իր առաջնորդների՝ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի գլխավորությամբ, կողմ են այս հակամարտության կարգավորմանը»,-հայտարարել է Լուն։ Ամերիկացի դիվանագետը անդրադարձել է Ադրբեջանում նոր դեսպան նշանակելու հարցին։ Նա նշել է, որ դեսպան չունենալը ամենեւին էլ հարաբերությունների յուրահատուկ դրսեւորում չէ, այլ ընդամենը համակարգում առկա բյուրոկրատական քաշքշուքների արդյունք։

«Կարծում եմ, որ շուտով ԱՄՆ դեսպանը կժամանի Ադրբեջան։ Նոր դեսպանը դիվանագիտական մեծ փորձ ունեցող անձնավորություն է։ Այդ դեսպանին արժե սպասել»,-հավելել է Լուն։