Այսօր՝ մարտի 30-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի հերթական նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովն ի գիտություն է ընդունել էկոնոմիկայի նախարարի զեկույցը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման մասին, արտաքին գործերի նախարարի տեղակալի զեկույցը ԵՄ հետ Ասոցիացման hամաձայնագրի բանակցային գործընթացի նախապատրաստման ընթացքի եւ արդարադատության նախարարի զեկույցը «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հաստատվել են պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի առաջնահերթությունները (CIB) եւ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (DCFTA) բանակցային գործընթացի նախապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցությանը` կառավարության անդամները Տիգրան Սարգսյանին են ներկայացրել իրենց գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները: Դրանք վերաբերում են ժողովրդավարության, արդյունավետ կառավարման ու կայունության, տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականության համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացմանը:
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը առաջարկություն է ներկայացրել Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ:




























