Ֆրանսիայի մի շարք հյուրանոցներում հայկական կոնյակ կվաճառեն: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել  հոկտեմբերի 29 – 30-ին՝ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդում հայկական խաղողի արտադրանքի ցուցահանդես-դեգուստացիայի ընթացքում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, դեգուստացիա էր կազմակերպվել ֆրանսիացի մասնագետների համար:

 «Ֆրանսիային հայկական կոնյակը ներկայացնելով՝ մենք քաջ գիտակցում էինք, որ «կոնյակ» բառն օգտագործելը մեզ համար բարդ կլինի: Բայց ֆրանսիացիներն իրենք մեզ հետ զրույցում հայկական կոնյակը «կոնյակ» էին անվանում: Նրանցից ոմանք էլ նշում էին, որ հայկական կոնյակը որակի առումով գերազանցում է ֆրանսիականը», - նշել է Հարությունյանը:

Դեգուստացիայից հետո նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հյուրանոցներում գինի եւ կոնյակ վաճառելու մասին: Նպատակային լսարան կարող են դառնալ ԱՊՀ երկրներից մեկնած զբոսաշրջիկները (որտեղ հայկական կոնյակը ավանդաբար քաջ հայտնի է): Այդ իսկ պատճառով, ըստ Հարությունյանի, խոսքը կարող է լինել համեմատաբար մեծ ծավալների մասին:  «Սակայն այստեղ կարեւորը հայկական գինու եւ կոնյակի ճանաչվածությունը բարձրացնելն է: Իհարկե, վերջինս այդ դեպքում կվաճառվի որպես բրենդի», – նշել է նա: